Կաթողիկոսի մասին պետք է կարողանա խոսել Գրիգոր Լուսավորիչի պես անձնավորությունը, Հակոբ Հայրապետը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով կաթողիկոսի դեմ սկսկված արշավին։
«Ամեն մեկն իր մեղքերի մասին թող մտածի, հետո փոխեն ո՞ւմ բերեն։ Ընդհանրապես և՛ կաթողիկոս, և՛ թագավոր ընտրվում է Աստծո կողմից։ Գործերը թողել, ընկել ենք կաթողիկոսի հետևից, չնայած այդպես պետք է լինի՝ աշխարհի վերջին օրերին առաքելական եկեղեցին պետք է քարկոծվի. դա սխալ է, ես միանշանակ գտնում եմ, որ այդպես կաթողիկոս չեն փոխում։ Կաթողիկոսին վարկաբեկում են, հերոսներին վարկաբեկում են, բժիշկներին վարկաբեկում են, ընդհանրապես ո՞վ է մաքուր այս երկրում, բացի այդ մի քանիսից»,– ասաց պատգամավորը։
Ղուկասյանի կարծիքով՝ ճիշտ էր, որ կաթողիկոսը խոսեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ։
«Հայոց եկեղեցին ասում է՝ նեղյալներին ազատություն, բանտարկվածներին ազատություն։ Վիրուսի պայմաններում, երբ հստակ այս պահի դրությամբ մեղադրանք չկա, փաստեր չունեք, բանտարկել եք և վաղը հնարավոր է ուրիշ բան լինի, ազատեք, ձեր գործընթացը շարունակեք։ Ես այդպես հասկացա»։
Պատգամավորը կոչ արեց կաթողիկոսի դեմ քարոզարշավ իրականացնողներից հարցնել՝ իրենք ո՞ւմ են սիրում, ո՞ւմ են հարգում, ինչպիսի՞ տեսակ են սիրում, ԼԳԲՏ տեսակ են սիրո՞ւմ, դա՞ է մեր սերը, դրանց հովանավորում ենք մնացածին քարկոծում ենք։
Ինչ վերաբերում է հարցին, թե կաթողիկոսը մարտի 1–ին ձայն չի հանել, երբ 10 մարդ է զոհվել, Ղուկասյանը պնդեց, որ հիշում է՝ կաթողիկոսը դուրս է եկել և համերաշխության կոչ արել։
«Ասում էր նայք արյուն չթափվի։ Բաներ կան, որ ես էլ, որպես հավատացյալ եկեղեցական սպասավորներից չեմ ընդունում եւ ԽՍՀՄ–ի ժամանակ քահանայի մորուքը թրաշեցի, բայց իրավունք չունեի, չգիտեի։ Ես չեմ խելագարվում շատ հոգեւորականների համար, բայց չափի մեջ պետք է մնա մարդ մի քիչ»։