Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բովանդակային քննարկումներ սկսել տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի շուրջ համագործակցության մասին: Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը:
Նախարարներ Միրզոյանն ու Ջայշանկարը գոհունակությամբ ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխաջակցությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները:
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը:
Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, որտեղ Արարատ Միրզոյանը գտնվում է ՀԱՊԿ կառույցների աշխատանքներին մասնակցելու նպատակով։