Երեկ՝ հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական, կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ։ Քեթրին Քլարկը Ներկայացուցիչների պալատի կարևոր հանձնաժողովներից մեկի՝ հատկացումների հանձնաժողովի անդամ է։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը։
«Դեսպանը շնորհակալություն հայտնեց կոնգրեսականին՝ Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Իր հերթին կոնգրեսական Քլարկը բարձր գնահատեց ամերիկայահայության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։
Դեսպան Մակունցը ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում ներկա իրավիճակը, համավարակի դեմ պայքարում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերը։
Հանդիպման ընթացքում զրուցակիները քննարկեցին հայ-ամերիկյան միջխորհրդարանական հետագա համագործակցության խորացմանը միտված հարցեր: Այդ կապակցությամբ կոնգրեսականը պատրաստակամություն հայտնեց ջանքեր գործադրել օրենսդիր մարմինների միջև համագործակցության խթանման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։