Այսօր մեր հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել երկկողմ հարաբերությունների շուրջ և պատրաստակամություն հայտնել խորացնելու մեր երկրների միջև հարաբերությունները՝ խարսխված նույն ակունքից սերող քրիստոնեական արժեհամակարգի, պատմական և մշակութային կապերի, միջազգային հարաբերությունների շուրջ համընկնող մոտեցումների հիման վրա։ Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա նշեց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ Սուրբ Աթոռը սատարել է հայ ժողովրդին, հատկանշական է նաև 2020 թվականի ծանր ընթացքում անվերապահ աջակցությունը։
«Կարևոր է Վատիկանի կարծիքը ԼՂ հակամարտության մասին, հիմնախնդրի խաղաղ կարգավորման, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման մասին»,- ասաց Միրզոյանը։
Նա հիշեցրեց Ադրբեջանի՝ Արցախի դեմ իրականացված ագրեսիայի և դրան հաջորդած ժամանակաշրջանում Վատիկանի ուղղած կոչերը, որոնք մեծ նշանակություն են ունեցել։ Միրզոյանը նկատեց՝ այժմ էլ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և նոյեմբերի 9-ին իր ստանձնած պարտավորությունները, շարունաում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական աննձանց, բացի դրանից՝ Ադրբեջանի վերահսկողությաան տակ անցած տարածքներում վտանգված են մշակութային և կրոնական ժառանգությունները․ դրանք գտնվում են ոչնչացման վտանգի տակ։
Միրզոյանը շնորհակալություն հայտնեց նաև Հայոց ցեղասպանության մասին Վատիկանի դիրքորոշման համար՝ նշելով, որ հենց այդպիսի դիրքորոշումների շնորհիվ է, որ աշխարհում հնարավոր է լինում բացառել ցեղասպանությունների կրկնությունը։