Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նհախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ հաշվի առնելով, որ շուտով լրանում է եռակողմ փաստաթղթի ստորագրման, ինչպես նաև արցախյան հակամարտության գոտում տեղի ունեցած ռազմական գործողությունների մեկ տարին:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել հումանիտար խնդիրների լուծման հարցում արձանգրված առաջընթացին, առաջին հերթին՝ պահվող անձանց վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը և մշակութային ու կրոնական ժառանգության պահպանմանը: Նախարարները «ճշգրտել են ժամերը» հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման շուրջ:
Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանային միջադեպերի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակման կարևորությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ռուս-հայկական համագործակցության արդիական ուղղություններին՝ հաշվի առնելով տարբեր մակարդակներում առաջիկա երկկողմ շփումները:
Նշվում է, որ արձանագրվել է դաշնակցային փոխգործակցության առաջընթաց զարգացում: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր: