ԱՄՆ-ում Թաթոյանի պատվին մեծ միջոցառում է կազմակերպվել Հայ Դատի գրասենյակի կողմից: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա հայտնել է, որ Թաթոյանն այցի ընթացքում հանդիպումներ է ունենում համայնքի ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, ակադեմիական շրջանակների, նահանգային և ֆեդերալ պաշտոնյաների հետ:
«ՄԻՊ Թաթոյանը ոչ միայն Հայաստանի ամենից ակտիվ և արդյունավետ պետական պաշտոնյան է, այլև արտաքին ֆրոնտում է հիանալի աշխատում:
Ի տարբերություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի՝ Թաթոյանը չի խորշում հանդիպել Կալիֆոռնիայի հայ համայնքի ակտիվի հետ, չի կիրառում ֆիլտրեր՝ հանդիպման մասնակիցների նկատմամբ: Այս առումով Թաթոյանը իրականացնում է հա՛մ ՄԻՊ-ի, հա՛մ սփյուռքի և ԱԳ նախարարի, հա՛մ էլ բացակա դեսպանի ֆունկցիաներ»,- գրել է միջազգայնագետը:
Նա նշում է, որ Թաթոյանը ամերիկացիներին և ամերիկահայերին ներկայացնում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, ինչը, կարծես, Հայաստանի հանրային դիվանագիտության առաջնահերթություն չի համարվում:
«Ցավալի է, որ նման կարևոր այցի կազմակերպման և լուսաբանմանման հարցում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը որևէ կերպ չի աջակցել»,- գրել է Սարգսյանը: