Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ։ Այս մասին հայտնում են ԱԽ մամուլի ծառայությունից։
Քարտուղարը բարձր է գնահատել Ներկայացուցիչների պալատում Հայկական հանձնախմբի և առանձնապես Փըլոնի ջանքերը Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու հարցում։
Կոնգրեսականը կարևորել է Հայաստանում ժողովրդավարացման շարունակական գործընթացը։ Քննարկվել է երկկողմ հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացները, էներգետիկ ոլորտի զարգացումները, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարը։