ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, ըստ որի, Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ժամանակներում:
«Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Անկարայի բանագնացը Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է լինելու, Հայաստանի ներկայացուցիչը՝ Ռուբեն Ռուբինյանը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնացներ կնշանակվեն։ Նա նաև նշել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև չարթերային ավիահաղորդակցություն կբացվի։