«Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ հանրային դիսկուրսում լայնորեն կիրառվող Ադրբեջանին «միջանցք» տալու խոսակցություններին։
«Ի՞նչ միջանցք, մեկ միջանցք կա՝ «Լաչինի միջանցքը», ուրիշ միջանցք չկա ու չի կարող լինել։ Դա ՀՀ-ի ինքնիշխանության, անկախության և տարածքայի ամբողջականության մասին խոսակցություն է և ես կոչ եմ անում բոլորին այդ բառակապակցությունը հանել։ Այլ միջանցքների մասին խոսակցությունն Ադրբեջանի նախագահի բառապաշարում է և կոչ եմ անում դա չբերել մեր բառապաշար»,-նշեց Սիմոնյանը։
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ անգամ այս իրավիճակում շարունակվում են բանակցությունները, Սիմոնյանն արձագանքեց. «Իսկ ի՞նչ է այս վիճակը։ Ո՞վ է այս վիճակը չլինելու երաշխավորը»,-հարցադրում է անում Սիմոնյանը։
Սիմոնյանի պնդմամբ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։