ԵԽԽՎ բոլոր խմբակցությունները դատապարտել են ադրբեջանական հարձակումը Հայաստանի տարածքի վրա:
Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Նա նշել է, որ այսօր ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Ադրբեջանի վերջին ագրեսիան Հայաստանի դեմ։
«Այսօր ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվեց վերջին ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ։ Բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչները, ելույթ ունեցող միջազգային գործընկերները միանշանակ դատապարտեցին ադրբեջանական հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա», – գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Գերեվարված զինծառայողներից 17-ն ԱՄՆ միջնորդությամբ վերադարձել են հայրենիք։