Հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: ՀՀ ԱԳ նախարարն նշել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների խախտում, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում:
Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության անհապաղ քայլերի անհրաժեշտությունը` Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կանխելու նպատակով:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելությանը: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել առաքելության կատարած աշխատանքները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։