Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Երևանի և Բաքվի միջև բանակցություններում Արևմուտքի մասնակցության մասին, հայտարարել է, որ դրա ի հայտ գալուց հետո «մասշտաբային խնդիրներ» են առաջ եկել:
«Բանակցային գործընթացում Արևմուտքի ներգրավմամբ մեծածավալ խնդիրներ ի հայտ եկան։ Խաղաղության և աջակցության ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում մենք Արևմուտքի հայտարարությունների մասով լրիվ հակառակ իրավիճակն ենք տեսնում»,-ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, թե Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել, Զախարովան չի մեկնաբանել:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվայի մոտ անհանգստություն է առաջացնում թշնամական հռետորաբանության աճը և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացումը: Նա շեշտել է նաև կողմերի՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման վերաբերյալ փոխզիջումներ գտնելու պատրաստակամության բացակայության մասին:
«Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղ գործընթացին այլընտրանք չկա և այդ հարցում վերահաստատում մեր դիրքորոշումը։ Մենք կողմերին զսպվածության կոչ ենք անում թե՛ հայտարարությունների, թե՛ գործողությունների մակարդակում»,-նշել է Զախարովան։
Հիշեցնենք, որ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Լաչինի միջանցքում սահմանային անցակետ դնելու վերաբերյալ ադրբեջանական կողմի մտադրությանը, նշել էր, որ միջանցքի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են և բոլոր պայմանավորվածությունները տեղ են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ըստ որի՝ Լաչինի միջանցքը մնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հսկողության տակ, իսկ Ադրբեջանը շարունակում է ապահովել բեռների, մարդկանց անխափան երթևեկությունը։
Հավելենք նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ կա խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու հնարավորություն:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Բաքվի հետ բանակցությունների շրջանակներում չկարգավորված հարցերի լուծման կոնկրետ քայլերի կոչ էր արել: Պետքարտուղարը նաև զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Նա կոչ է արել լուծումներ գտնել չլուծված հարցերի համար և ընդգծել, որ ռազմական լուծում գոյություն չունի: