Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եվրամիությանը և ԱՄՆ-ին մեղադրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու գործընթացի հնարավոր հաջողությունները և ձեռքբերումները յուրացնելու փորձի մեջ։ Լավրովը համապատասխան հայտարարություն է արել 2024 թվականի արդյունքների ամփոփման մամուլի ասուլիսի ժամանակ։
«Թվում է, թե Հայաստանն ու Ադրբեջանն արդեն գործնականում համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի շուրջ։ Պարզ է, որ դժվար է շրջանցել մնացած երկու հարցերը։ Պետք է որոշել՝ կա՛մ այո, կա՛մ ոչ։ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխան որոշումն է, թե որտեղ պետք է ստորագրեն փաստաթուղթը և երբ պետք է այն համաձայնեցվի։ Բայց Եվրահանձնաժողովը և Եվրամիությունը նորից կսկսեն ասել՝ մենք հիմա կգանք և կօգնենք ձեզ։ Բրյուսելը և Վաշինգտոնը ցանկանում են ցույց տալ, որ դա արել են, ինչը մեկ անգամ խոսում է այն մասին, որ ցանկանում են ցույց տալ, որ իրենք են տերը»,- ասել է նա։
Լավրովի խոսքով՝ Հարավային Կովկասն անխուսափելիորեն կգա այն կետին, երբ տարածաշրջանի երկրները կլուծեն իրենց անմիջական հարեւանների հետ ունեցած բոլոր խնդիրները։ Ռուս նախարարը նշել է, որ ներկայումս այս մոտեցմանը պաշտպանում են Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։
2024 թվականի հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով արագ ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները։ Բայդենը վստահեցրել էր Փաշինյանին, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել «հարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը»։