Հայաստանի եվրաինտեգրման հետևանքը կարող է լինել հայ բնակչության ամբողջական աղքատացումը, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայկական արտադրանքը կբախվի ավելի բարձր մաքսատուրքերի, այս ամենը կբերի ՀՆԱ-ի աճի տեմպերի կտրուկ անկման։ Կարծում եմ՝ սա է գլխավորը, քանի որ սա ուղղակի հարված է լինելու ոչ թե այսօր շահույթին ու շահութաբերությանը, այլ դեպի զարգացում։ Եթե մենք խոսում ենք արտադրության մասշտաբի, Հայաստանի բնակչության մասին, ապա դա ուղղակի կարող է հանգեցնել տոտալ աղքատացման»,- նշել է նա։
Զախարովան կանխատեսել է նաև հայկական ապրանքների արտահանման 80 տոկոս կրճատում։ Նրա խոսքով՝ հնարավոր չէ նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում Երևանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ փոխարինել այլընտրանքային աղբյուրներով։
«Հայաստանում որոշ փորձագետներ պնդում են, որ Արևմուտքը, մասնավորապես՝ Եվրամիությունը, իբր պատրաստ է վճարել ամեն ինչի համար։ Լսեք, բերեք օրինակ, երբ նրանք ինչ-որ բանի համար վճարել են։ Իսկ ահա ամեն ինչ վերցնել նրանք կարող են։ Մենք դա գիտենք, տեսնում ենք օրինակները»,- ասել է դիվանագետը:
Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։
Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ Հունվարի 29-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալուն և ՀՀ-ի համար ԵԱՏՄ շուկայի փակմանը։