Շատ անկեղծ կասեմ՝ մենք մեզ ԵԱՏՄ-ում վատ չենք զգում, ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մյուս կողմից, ըստ վարչապետի, չեն կարող չնկատել ՀՀ ժողովրդի առնվազն որոշակի և շատ շոշափելի հատվածի ձգտումներն ապագայի համար տարբերակներ ձևավորելու հարցում։
«Մեր բալանսավորման արտաքին քաղաքականությունը նաև դրա համար է: Երբ ընտրություն չկա, ստացվում է՝ մտածելու անհրաժեշտություն էլ չկա: Երկրորդ տարբերակն այն է, որ մենք պետք է ընտրություն ձևավորենք, որը լինի օրգանիկ, իրական և ոչ կեղծ: Մենք շարունակելու ենք ճանապարհն այս ուղղությամբ և այս ճանապարհն էլ է մի պրոցես, որտեղ իրական և անկեղծ բարեկամները ոչ իրական և ոչ անկեղծ բարեկամներից գուցե տարբերվեն»,- հյատարարել է Փաշինյանը:
Այսօր ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման հետևանքով հնարավոր է հայկական արտադրանքը բախվի ավելի բարձր մաքսատուրքերի, ինչը կբերի ՀՆԱ-ի աճի տեմպերի կտրուկ անկման և Հայաստանի բնակչության տոտալ աղքատացման։ Զախարովան կանխատեսել էր նաև հայկական ապրանքների արտահանման 80 տոկոս կրճատում։
Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։
Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ Հունվարի 29-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալուն և ՀՀ-ի համար ԵԱՏՄ շուկայի փակմանը։