ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցներից 2-ը կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել։ Նրանց նկատմամբ արձանագրություն է կազմվել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով (ստուգում իրականացնող մարմինների աշխատանքը խաթարելը) նախատեսված իրավախախտումների հիման վրա։ Համապատասխան գործողություններից հետո նրանք ազատ կարձակվեն։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ակցիայի մասնակիցները հայտնել էին, որ իրենց բողոքն ուղղված է Նիկոլ Փաշինյանի՝ Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությանը, թե վերջին 30 տարում Շուշիում ոչինչ չի կառուցվել:
Բողոքի մասնակիցները կառավարության շենքի մոտ են գնացել «30 տարին ավերվեց գրչովդ», «Ուշքի արի, Շուշին դժգույն և դժբախտ չէր», «Նիկոլ. ազգային անվտանգության թիվ մեկ թշնամի» և այլ գրություններով պաստառներով։
Ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, իրենց ընկերներին ոստիկանություն են տարել բարձրախոսով խոսելու համար։ Նա նշեց, որ դա օրինազանցություն չէ։ Իսկ եթե դա խաթարելու է կառավարության աշխատանը, ապա առավել ևս պետք է դրանցով գնալ և խանգարել։
«Եթե կառավարության աշխատանքը ռուպորով խանգարում ենք, եկեք ամեն մեկս ռուպորով գանք»,- ասել է Քրիստինե Վարդանյանը։
Նշենք, որ ոստիկանությունը կապ էր հաստատել ցուցարարների հետ և զգուշացրել, որ կառավարության աշխատանքը խաթարվում է բարձրախոսներից, արգելել նրանց օգտագործել դրանք։ Ականատեսները նշում են, որ բերման ենթարկվածներից մեկը բարձրախոսով չի էլ եղել։