ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքները շինծու են։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ այդ մեղադրանքները կապիտուլյանտային ռեժիմի խղճուկ դրսևորում են։ «Դա ակնհայտ է, որովհետև մենք բոլորս տեսնում ենք ներկայիս իշխանությունների դավաճանական գործողությունները Սյունիքի մարզում։ Նրանք հերթական մանևովրն են իրականացնում պետության անվտանգության խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու ուղղությամբ», – հայտարարել է Շարմազանովը։
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը չի վախենում ո՛չ բերման ենթարկելուց, ո՛չ ձերբակալությունից, ո՛չ կալանքից։
«Եթե դա օգնի Սյունիքին և Արցախին մնալ հայկական, նա պատրաստ է դրան։ Ակնհայտ է նաև, որ ներկայիս իշխանությունը չի ծառայում Հայաստանի Հանրապետության շահերին, այն առաջնորդվում է թուրք-ադրբեջանական օրակարգով, և այդ մտացածին մեղադրանքները դրա վառ ապացույցն են», – նշել է ՀՀԿ մամուլի խոսնակը։