ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը բանակցային գործընթացի վերաբերյալ հարց ուղղեց Կառավարությանը։
«Ձեր կառավարման ժամանակահատվածում բանակցային գործընթաց է ներմուծվել, այսպես կոչված, «բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու և դրանք գաղտնի պահելու» արատավոր երևույթ։ Բանավոր ընթացակարգերով ձեռք բերված այդ պայմանավորվածությունները, ցավոք, իմանում ենք դրանք կատարելուց հետո։ Դրանց արդյունքում ուղղակի ականատես ենք լինում նոր զիջումների։ Զորքերը հետ քաշելու հրամանները, սահմանագիծ չապահովելով դա անելով, ամբողջ ճանապարհահատված թշնամուն հանձնելը և բազմաթիվ այլ դրսևորումներ։ Շատ կարևոր է հասկանալ, թե Սահմանադրական ո՞ր լիազորությունների հիման վրա է Կառավարությունը ձեռք բերում բանավոր պայմանավորվածություններ, որոնք հանգեցնում են կենսական զիջումների»,- նշեց Ռուստամյանը։
«Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել։ Իմիջայլոց, այդ նարատիվը, որ կան բանավոր պայմանավորվածություն, ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել։
Ուզում եմ հիշեցնել, թե Մեսրոպ Մաշտոցը որտեղից է սկսել ստեղծել հայերեն գրավոր տեքստը։ Գնացեք, նայեք։ Ինձ թվում ա, որ Դուք հարց եք տալիս, ավելի կարևոր է այն, որ հարց եք տալիս, քան պատասխան եք ակնկալում»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսի՞նքն, գնամ Մեսրոպ Մաշտոցից հարցնե՞մ»,- հեգնեց Ռուստամյանը։