Կառավարությունը հաճախ դիմադրության է հանդիպել Երևան քաղաքում ոլորտային փոփոխություններ անելու հարցում, սակայն համբերատար աշխատել է քաղաքապետի հետ, որպեսզի ավելորդ ցնցումներից զերծ մնանք քաղաքում։ Առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը գրառում է արել Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցին և նշել, որ իրերն իրենց անունով կոչելու ժամանակն է։
«Իրերն իրենց անունով կոչելու ժամանակ
Իմ կողմից ավելացնեմ, որ Հայկ Մարությանը ունեցել է բոլոր հնարավորությունները կառավարության հետ համահունչ աշխատելու միջոցով ապահովելու էական առաջընթաց Երևան քաղաքի կառավարման բոլոր ուղղություններով։ Կառավարությունը հաճախ դիմադրության է հանդիպել Երևան քաղաքում ոլորտային փոփոխություններ անելու հարցում, սակայն համբերատար աշխատել է քաղաքապետի հետ, որպեսզի ավելորդ ցնցումներից զերծ մնանք քաղաքում։ Ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ այլևս անհնար է դա շարունակել։
Ես որպես նախկին առողջապահության նախարար, ուզում եմ տեղեկացնել, որ քաղաքային իշխանությունները դժկամությամբ են գնացել փոփոխությունների Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բժշկական հաստատություններում (մի քանի հիվանդանոցներ, բազմաթիվ պոլիկլինիկաներ, շտապ բժշկական օգնության ծառայություն), չնայած համակողմանի ֆինանսական և այլ տեսակի աջակցությանը մեր կողմից։ Մինչ օրս չեն փոխվել տասնյակ տարիներ այդ հաստատությունները վատ կառավարած բազմաթիվ տնօրեններ, բավարար չափով չի բարելավվել այդ հաստատությունների աշխատանքը։
Նույնն է պատկերը գրեթե բոլոր ոլորտներում՝ կրթություն, մշակույթ և այլն։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել։ Այս հարցով ավագանու նիստը նշանակվել է դեկտեմբերի 22-ին։
Ըստ ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության՝ Մարությանը դեռևս մեկ տարի առաջ դուրս է եկել ՔՊ կուսակցությունից և խզել է կապը կենտրոնական իշխանություններից։
Մարությանն էլ, արձագանքելով տարբեր տեղեկություններին, հայտնել է, որ որևէ քաղաքական ուժի հետ կապ չունի և որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունի։
Գործող քաղաքապետին անվստահություն հայտնելուն զուգահեռ՝ նախաձեռնող կողմը պետք է առաջադրի նաև քաղաքապետի նոր թեկնածուի: Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
ՔՊ-ն Հայկ Մարությանին ցանկանում է փոխարինել Հրաչյա Սարգսյանով:
Այսօր ավելի վաղ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ավագանու իշխող խմբակցության անդամները փորձել են տապալել Երևան քաղաքի համար ավտոբուսների նոր խմբաքանակի գնման գործընթացը։