Հայաստանում կապիտուլյացիոն գործընթացները շարունակվում են, որովհետև ՀՀ իշխանությունները կուրորեն կամ միտումնավոր գնում են կեղծ խաղաղության օրակարգի ճանապարհով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Փողոցային գործընթացներն ավարտվել են, ու մեր համակիրները մեզ մանդատ են տվել, որ մեր գործունեությունը շարունակենք Ազգային ժողովում: Շարունակելու ենք ԱԺ-ում աշխատել այն օրակարգով, որը մեզ անհրաժեշտ է: Դրանք վերաբերում են անվտանգությանը, Արցախի պաշտպանությանը, տնտեսության վիճակին, պետական կառավարմանը և այլն: Իշխանության հեռացումը ևս շարունակում է մնալ մեր օրակարգում»,- ասաց նա:
Խոսելով ընդդիմության թերություններից՝ նա նշեց, որ եթե մինչ այս ավելի լայն համախմբում լիներ, հնարավոր կլիներ արդյունքի հասնել:
«Չկարողացանք գեներացնել այն ուժը, որով կարող էինք հեռացնել այս իշխանությանը: Կարծում ենք՝ ԱԺ-ում աշխատելու ժամանակ մեր համակիրներն ու գաղափարակիցներն անհրաժեշտության դեպքում պետք է լինեն մեր թիկունքում»,- հավելեց նա:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ առաջիկայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատրաստվում է 3 պատգամավորի, այդ թվում՝ իրեն կալանավորելու միջնորդություն ներկայացնել, Օհանյանը նշեց. «Տարբեր գործերով որպես վկա եմ ներկայանում, իմ նկատմամբ վարույթ սկսելու տեղեկություն չունեմ»:
Նա շեշտեց նաև, որ չի պատրաստվում անձեռմխելիության քողի տակ թաքնվել:
Մանրամասները՝ տեսանյութում: