Մինչև 2027թ․ սահմանամերձ շուրջ 82 համայնքների և բնակավայրերի բնակիչներ կշարունակեն ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի դիմաց, ինչպես նաև կօգտվեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից, Ազգային ժողովում հանձնաժողովային քննարկման ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
«Ակնհայտ է, որ սոցիալական աջակցության կարիք սահմանամերձ բնակավայրերը դեռևս ունեն՝ հատկապես վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների պատճառով։ Կառավարության որոշմամք՝ մենք 50%-ով փոխհատուցում ենք բնական գազի, էլեկտրական հոսանքի, ոռոգման և խմելու ջրի որոշակի օգտագործման սահմանաչափեր»,- նշել է Տերտերյանը։
Փոխնախարարի խոսքով՝ օրենքն ընդունվել է 2014 թվականին, դրանից հետո օրենքի գործողության ժամկետը երկու անգամ երկարաձգվել է: Համաձայն գործող օրենքի` 2024 թվականի հունվարի 1-ից ժամկետն ավարտվում է: Նախագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել գործող օրենքի ժամկետը: Առաջարկը հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել։