«Քաղաքացիական պայմանագիրը» քննարկելու է պատգամավոր Գագիկ Մելքոնյանին իր շարքերից հեռացնելու հարցը՝ խմբակցությունից դուրս եկած Հովիկ Աղազարյանին սատարելու համար, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Մելքոնյանը խմբակցության նիստում փորձել է պաշտպանել Աղազարյանին, ով հեռացվել է կուսակցությունից «պետական և կուսակցական նշանակության գաղտնի տեղեկատվության արտահոսքի, ինչպես նաև հասարակության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։ Մելքոնյանը նշել է, որ պետք չէր կարդալ Աղազարյանի անձնական նամակագրությունը և դրանք հրապարակել։
«Քաղաքացիական պայմանագրից» Մելքոնյանի հնարավոր հեռացման մեկ այլ պատճառ էլ թերթը նշել է պատգամավորի «կոպիտ և անընդունելի» հայտարարությունները ռուս պաշտոնյաների, հատկապես ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հասցեին՝ ասելով, որ դրանք «կարմիր գծերն անցնում են» և դուրս են կուսակցական դիսկուրսից։
«Նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրի» փակ նիստում Հայկ Կոնջորյանը (խմբակցության ղեկավար – խմբ.) և Արթուր Հովհաննիսյանը (խմբակցության քարտուղար – խմբ.) «հրամայել են» Գագիկ Մելքոնյանին լռել և հարցազրույցներ չտալ, եթե չի կարողանում մտածված խոսել, բայց Մելքոնյանը երբեմն չի կարողանում զսպել իրեն և շարունակում է հապճեպ հայտարարություններ անել, ինչն է՛լ ավելի է զայրացնում ՔՊ-ի երիտասարդական թևին»,- ասվում է հրապարակման մեջ։
Մելքոնյանը թերթի հետ զրույցում հերքել է, որ իրեն պատրաստվում են հեռացնել «Քաղաքացիական պայմանագրի» շարքերից։ Միաժամանակ՝ նա հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել պատգամավորական մանդատից, եթե այդ մասին խնդրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, դեկտեմբերի 4-ին Աղազարյանը հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։
Աղազարյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է իր հեռախոսը քրեական վարույթի շրջանակներում, որով անցնում է որպես վկա։ Նրա տեղեկություններով՝ դրանից հետո տվյալները հայտնվել էին Փաշինյանի ձեռքին, իսկ ավելի ուշ ՔՊ վարչության նիստում նա հրապարակել էր Աղազարյանի անձնական կյանքի մի շարք դրվագներ, նամակագրություններ։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «Աղազարյանի հեռախոսը վերցնելուց հետո բացահայտել են պետական անվտանգության սպառնալիքներ պարունակող տեղեկություններ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ»։ Դեկտեմբերի 9-ին դատախազությունն Աղազարյանի կողմից արտահոսքեր կազմակերպելու հրապարակումն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե։ Դեկտեմբերի 10-ին Աղազարյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարզաբանել, թե ինչպե՞ս են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։
Դեկտեմբերի 11-ի կեսօրին Ասլանյանը հայտարարել էր ՔՊ-ի հետ համագործակցությունը մեկ ամսով դադարեցնելու մասին՝ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Ասլանյանն «անհիմն» էր համարել Աղազարյանին պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեղադրանքը։ Ասլանյանն ավելի ուշ հայտարարել էր, որ շարունակում է մնալ ՔՊ-ի «լիիրավ անդամ»:
Դեկտեմբերի 11-ի երեկոյան ՔՊ-ն Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու որոշում էր կայացրել։