Թուրքիայի ազգային արժույթի ռեկորդային արժեզրկման, դրա հետևանքների ու այդ երկրի տնտեսության անկման վերջին զարգացումների մասին մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ասաց․
«Եթե դիտարկենք շաբաթվա, այլ ոչ թե օրերի կտրվածքով, ապա լիրայի արժեզրկման պրոցեսն անդադար է։ Այս պահի դրությամբ մեկ դոլարի դիմաց լիրայի արժեքը 8,3 է։ Մոտավորապես 10 տարի առաջ մեկ դոլարն արժեր 1,6 լիրա։ Դա նշանակում է, որ լիրան 5 անգամ արժեզրկվել է։
Սակայն, 2018 թվականի ամռանը տեղի ունեցած տնտեսական անկման ժամանակ լիրայի արժեզրկման արագությունն ավելի մեծ էր։ Արևմտյան տնտեսագետների կարծիքով՝ անկման վրա ազդում է նաև քաղաքական գործոնը, Թուրքիայի արտաքին ակտիվությունն (Արցախյան պատերազմ) ու Սաուդյան Արաբիայի էմբարգոն՝ թուրքական ապրանքների և ծառայությունների վրա»։
Միքայելյանը նշեց՝ Թուրքիայում բավականին բարձր է նյարդային ֆոնը, սպասումները՝ բացասական։ Բազմաթիվ խոշոր թուրքական ֆիրմաներ ունեն դոլարային պարտքեր։ Քանի որ պարտքերի երաշխավորը պետությունն է, ապա ֆիրմաների պարտքերն, իհարկե, ավելի են մեծանում։ Միքայելյանը բացատրեց նաև, թե ինչու է լիրան արժեզրկվում, որ վատթարացել է Թուրքիայի արտաքին հաշվեկշիռը՝ կորոնավիրուսի տարածման, տուրիզմի բացակայության հետևանքով։
«Թուրքիայի տնտեսությունը խոցելի է, սակայն մենք չպետք է ակնկալենք, որ այն միագամից, մեկ օրում կփլուզվի։ Սա միջնաժամկետ գործընթաց է, կարող է տևել 1-2 տարի։ Առհասարակ՝ Թուրքիան դառնում է իր սեփական ամբիցիաների զոհը նաև տնտեսության մեջ»,- համոզված է Միքայելյանը։ Թեև ԵՄ-ում կան պետություններ, որոնք դեմ են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելուն, այնուամենայնիվ, Թուրքիայի շուրջ ստեղծվում է անբարենպաստ ֆոն։ Նա կփորձի կոմպենսացնել դա իսլամական դեռ բարեկամ երկրների ներդրումներով, Բրիտանիայի հետ հարաբերություններով, գուցե, Լիբիայում և Սիրիայում իր սեփական ակտիվությամբ։
Քաղաքագետի կարծիքով՝ ունենք մի իրավիճակ, երբ Թուրքիան փորձում է քաղաքական միջոցներով լուծել քաղաքական ու տնտեսական հարցերը։ Հանրային արձագանքը նույնպես կիսված է երկու մասի․ տնտեսական հարցերով պայմանավորված դժգոհություններ ու աջակցություն՝ Էրդողանի քաղաքական ակտիվությանը։