Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետի և նախագահի հետ, ինչպես նաև հեռախոսով բանակցություններ է վարել երկրի ԱԳ նախարարի հետ, հաղորդում է «Новости-Грузия»-ն։
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպման գլխավոր թեման եղել է տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում վերջին իրադարձությունները և Վրաստանի կարևոր դերը ինչպես տարածաշրջանի տնտեսական զարգացման, այնպես էլ տարածաշրջանում կայունության ապահովման առումով:
«Երկկողմ հարաբերությունների համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական կապերը, երկու երկրների տարանցիկ, տրանսպորտային հաղորդակցությունների ամրապնդումը և այդ առումով առկա ներուժի օգտագործումը, ինչպես նաև այդ ոլորտներում առկա բարդությունների ժամանակին լուծումը», – նշվում է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Իրանի արտգործնախարարության պատվիրակությունը տարածաշրջանային այց է սկսել։ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆն արդեն եղել է Ադրբեջանում, ՌԴ-ում և Հայաստանում։ Նախատեսվում է նաև Զարիֆի այցը Թուրքիա։ Այցելության օրակարգում տարածաշրջանային համագործակցության հարցերի քննարկումն է։