Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին բնութագրեց որպես բռնապետ՝ ընդգծելով նրա հետ համագործակցության անհրաժեշտությունը:
«Այս բռնապետերի հետ, որոնց հետ, սակայն, պետք է համագործակցել, դուք պետք է անկեղծ լինեք՝ ձեր դիրքը հաստատելու համար, բայց նաև պատրաստ լինեք համագործակցել՝ հանուն ձեր երկրի շահերի: Դուք պետք է ճիշտ բալանս գտնեք», – ասաց Դրագին մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Թուրքիայի առաջնորդի մասին հարցին…
Դրագին ասաց նաև, որ ինքը «չի կիսում Էրդողանի պահվածքը» Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ: «Կարծում եմ՝ դա անտեղի էր»,-ասաց Դրագին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երեքշաբթի Անկարայում հանդիպել է ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ: Համացանցում հրապարակված այս հանդիպման կադրերը ցույց են տալիս, որ կազմակերպիչները բանակցողների համար տրամադրել են ընդամենը երկու աթոռ Եվրամիության և Թուրքիայի դրոշների ֆոնին:
Նրանցից մեկը գրավեց Միշելը, իսկ երկրորդը՝ Էրդողանը: ԵՀ ղեկավարը ստիպված էր բազմոցին նստել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի դիմաց, ով ըստ դիվանագիտական արձանագրության ավելի ցածր աստիճանի է: