Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավուր պատշաճի չի արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Բայդենը հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին, որից հետո Էրդողանը լռում է երեք օր: Ինչ-որ մեկը սպասում էր, որ Էրդողանն ի պատասխան առյուծի պես կպայթի, և նրան բոլորը կլսեն։ Բայց մոռացեք առյուծի մասին, նա խոսեց կատվի նման: Ցավալի է, բայց դա փաստ է», – ասել է Քըլըչդարօղլուն՝ ելույթ ունենալով իր կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ։ Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ ոչ մի նախագահ մինչ այս 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն չի անվանել։
«Ինչու է դա տեղի ունեցել հիմա։ Նա անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում իր ներքին քաղաքականության շրջանակներում։ Իմաստ չունի բարկանալ Բայդենի վրա, ավելի լավ է նայեք ինքներդ ձեզ»,-հայտարարել է թուրքական ընդդիմության առաջնորդը՝ երկրի ղեկավարությանը մեղադրելով արտաքին քաղաքականության բացակայության մեջ։
«1915 թվականի իրադարձությունները ցավոտ են, և եթե պետք է, դրանք կուսումնասիրվեն։ Այդ խնդիրը պետք է կատարեն պատմաբանները։ Թուրքիան հայտարարել է, որ միշտ պատրաստ է դրան։ Թող Հայաստանը բացի իր արխիվները։ Թող պատմաբանները հետազոտեն իրական փաստաթղթերը», – հավելել է Քըլըչդարօղլուն։
Հիշեցնենք, որ ապրլի 24-ին Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։