Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զերծ է մնում Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցերին միջամտելուց։ Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը` անդրադառնալով գերիների դեմ Ադրբեջանում ընթացող շինծու քրգործերին։
«ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը բազմիցս դիմել է ՄԻԵԴ-ին՝ նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու, նրանց ազատ արձակելու կամ նրանց իրավունքներն այլ կերպ երաշխավորելու տարաբնույթ պահանջներով։ Սակայն ՄԻԵԴ միակ հրատապ միջոցը միջանկյալ միջոց կիրառելու հնարավորությունն է, ինչն էլ կիրառվում է հիմնականում կյանքի իրավունքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման անդառնալի վտանգի դեպքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը պատրաստակամ է համագործակցել խնդրով շահագրգռված իրավաբանների, փաստաբանների, փաստաբանական պալատի կամ ցանկացած այլ անձանց հետ։ Սակայն կառույցը կոչ է անում վերջիններիս նախքան որևէ քայլ ձեռնարկելը պարտադիր քննարկել և դրանք համաձայնեցնել գրասենյակի հետ։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ներկայումս իրավասու պետական մարմինների և շահագրգիռ այլ անձանց հետ միասին շարունակում է մասնագիտական քննարկումները այլ միջազգային իրավական մեխանիզմների համատեքստում հնարավոր արդյունավետ գործիքազմների դիմելու հնարավորության առնչությամբ՝ գերեվարված հայ անձանց նկատմամբ իրականցվող ապօրինի քրեական հետապնդումների մասին տեղեկություն ստանալու, դրանց որևէ կերպ միջամտելու կամ դրանք կանխելու նպատակով։