Անտառային հրդեհները միջազգային մասշտաբի սպառնալիքի են վերածվել։ Այս մասին A Haber և ATV հեռուստաալիքներով հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է «Անադոլուն»։ Նրա խոսքով՝ իր վտանգի չափով այդ տարերային աղետը համադրելի է ահաբեկչության և նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հետ:
«Անտառային հրդեհները միջազգային սպառնալիք են, ինչպես COVID-19 պանդեմիան, որի դեմ այժմ պայքարում է ամբողջ աշխարհը։ Այն կարելի է համեմատել նույնիսկ ահաբեկչության սպառնալիքի հետ»,- մասնավորապես ասել է Էրդողանը:
Նա հայտնել է, որ վերջին 8 օրերի ընթացքում Թուրքիայում 187 անտառային հրդեհ է բռնկվել, որոնց մեծ մասը ներկայումս հաջողվել է տեղայնացնել։ Նա նշել է, որ Թուրքիայի իրավապահ մարմինները մանրակրկիտ հետաքննում են հրդեհների առաջացման պատճառները:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Թուրքիայում բռնկված հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, տուժել է ավելի քան 850 մարդ։