Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը CNN Turk-ին տված հարցազրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական սպառազինության դերին։
«Իհարկե, Թուրքիայից ձեռք բերված ժամանակակից սպառազինությունները, ներառյալ «Բայրաքթարները», մեծամասամբ թեթևացրել են մեր գործը և պատճառ դարձել, որ մարդկային զոհեր շատ չեն եղել։ Որովհետև, եթե մենք այդ սպառազինությունը չունենայինք, ապա, իհարկե, ավելի դժվար կլիներ», – Ալիևի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիեւը հայտարարել է նաև, որ Թուրքիայից սպառազինության գնման գործընթացը շարունակվում է։ «Շատ զինատեսակներ կան, և այդ գործընթացը շարունակվում է։ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը շատ արագ է զարգանում, և մենք, իհարկե, դրանից օգուտ ենք ստանում և ստանալու ենք», – ասել է նա։
Ալիևի խոսքով՝ պատերազմի ընթացքում Բաքվին աջակցելու մասին Թուրքիայի նախագահի հայտարարությունները «շատ մեծ նշանակություն» ունեին։ «Ես բացարձակապես համոզված եմ, որ եթե չլիներ Թուրքիայի գործոնը, ապա հայամետ ուժերը, երկրները, հայերի հովանավորները կխափանեն մեր հաջողությունները, մեծ խնդիրներ կստեղծեն մեզ համար», — հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևն ասել է նաեւ, որ «վերջին 18 տարիների ընթացքում եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի կողմից ձեւավորվել է միասնական քաղաքականություն»: