ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մատնանշել է Վրաստանի հետ պաշտոնական միջպետական դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը:
«Ինչ վերաբերում Է Վրաստանին, մենք գրեթե հարաբերություններ չունենք։ Դրանք, ըստ էության, բացակայում են Թբիլիսիի նախաձեռնությամբ։ Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել վերականգնել դրանք»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է նա՝ ելույթ ունենալով МГИМО-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև։
ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, որ չնայած Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների գրեթե լիակատար բացակայությանը՝ Մոսկվան և Թբիլիսին ունեն փոխադարձ հետաքրքրությունների ոլորտներ, իսկ ինքը շատ է սիրում այդ երկիրը:
«Մենք, իհարկե, ունենք առևտուր։ Ի դեպ, քիչ չէ, որ մենք Վրաստանի առաջատար առևտրային գործընկերներից ենք։ Զբոսաշրջիկների հոսք կա, մեր քաղաքացիները սիրում են այցելել Վրաստան, Ես ինքս շատ եմ սիրում այդ երկիրը»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։