ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև համագործակցությունը կդառնա ավելի արդյունավետ և սերտ։ Այս մասին ՀՀ վարչապետն ասել է Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում վրացի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում:
«Մեծարգո պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար։ Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ և հաճույք է այցելել եղբայրական Վրաստանի մայրաքաղաք, որովհետև սա լավ առիթ է՝ նախ շփվելու ընկերների և բարեկամների հետ, և երկրորդը՝ քննարկելու երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների վերաբերյալ հարցեր։
Ուրախ եմ, որ մեր կառավարությունների միջև բավական արդյունավետ համագործակցություն է հաստատվել և համոզված եմ, որ մեր այս հանդիպման արդյունքում այդ համագործակցությունն ավելի արդյունավետ և սերտ կդառնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է վարչապետ Փաշինյանը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։
«Ցանկանում եմ ողջունել Հայաստանի վարչապետին՝ պարոն Նիկոլ Փաշինյանին։ Ուրախ եմ, որ իմ թանկագին գործընկերն այսօր հյուրընկալվել է Թբիլիսիում։ Գործընկերոջս մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։ Համոզված եմ, որ նա հաջողություն և զարգացում կբերի հայ ժողովրդին և Հայաստանին։ Բարի լինի Ձեր ժամանումը»,- ասել է Ղարիբաշվիլին։