Սեպտեմբերի 9-ի գիշերը՝ ժամը 00: 57-ի սահմաններում, Ֆիզուլիի շրջանի Բոյուք Բեհմենլի գյուղից ոչ հեռու ադրբեջանցի սահմանապահները Իրանից երեք անհայտ անձանց կողմից պետական սահմանի խախտում են արձանագրել: Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ խախտողներն անտեսել են «Կանգ» հրամանը և սահմանապահի՝ օդ արձակած նախազգուշական կրակոցն ու փորձել փախչել: Նրանց դեմ զենք է կիրառվել:
Սահմանը խախտողներից մեկը թեթև վիրավորում է ստացել թևից ու տեղափոխվել Ֆիզուլիի կենտրոնական շրջանային հիվանդանոց, որտեղ ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Հետաքննության ընթացքում ձերբակալվածը ներկայացել է որպես Իրանի քաղաքացի Զամանի Միրասկեր Միրագա (ծնված 1981 թ.): Վերջինի պայուսակի պարունակությունը ստուգելիս հայտնաբերվել է մոտ 11 կգ 700 գ թմրանյութի նմանվող զանգված:
Միջադեպի մասին իրանական կողմը տեղեկացվել է: Հաղորդվում է նաև, որ այլ սահմանախախտների հայտնաբերման ու ձերբակալման համար սահմանի նշված հատվածը փակ է: