Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում բանակցություններ են վարել, որոնց ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում:
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հայտարարությանը:
«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում: Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ամենակարևոր նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է, և երկիրը պատրաստ է կատարել իր խաղաղապահ գործառույթը՝ Կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման համար»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ղարիբաշվիլին նաև ընդգծել է Վրաստանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերության խորացման ուղղությամբ Էրդողանի հատուկ ջանքերը:
Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հայտնել էր, որ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման խնդրանքը: