Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «շատ անսպասելի իրադարձություն» է անվանել Ադրբեջանի սահմանների մոտ իրանական բանակի զորավարժությունները:
«Ինչ վերաբերում է մեր սահմանների մոտ անցկացվող զորավարժություններին, դա շատ անսպասելի իրադարձություն է։ Քանի որ մեր անկախության 30 տարիների ընթացքում նման իրադարձություններ չեն եղել։ Նախ, ես պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ցանկացած զորավարժություններ անցկացնել իր տարածքում։ Դա նրա ինքնիշխան իրավունքն է։ Ոչ ոք չի կարող նրան ինչ-որ բան ասել։ Բայց երբ մենք դա վերլուծում ենք ժամանակային սահմաններում, տեսնում ենք, որ նման բան երբեք չի եղել։ Ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ մեր սահմանին»,- ասել է Ալիևը «Anadolu»-ին տված հարցազրույցում։
Ադրբեջանի նախագահը հարցադրում է արել, թե ինչու չեն կազմակերպվել զորավարժություններ, երբ հայերը եղել են Ջեբրաիլում, Զանգիլանում և Ֆիզուլիում։
«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում չլինի այնպիսի իրավիճակ, որը կարող է հարված հասցնել երկարաժամկետ համագործակցությանը։ Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ այստեղ էլ Ադրբեջանը գործում է շատ պատասխանատու և հավասարակշռված։ Հուսով եմ, որ մեր օրինաչափ քայլերին էմոցիոնալ արձագանքը ժամանակավոր բնույթ է կրում», – հայտարարել Է Ադրբեջանի նախագահը։
Հիշեցնենք, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում ոստիկանական դիրքեր է դրել: Ադրբեջանցիները ստուգում են այդ ճանապարհով ընթացող իրանական բեռնատար մեքենաները՝ վարորդներից պահանջելով վճարումներ։ Իրանցի երկու վարորդներ ձերբակալվել են և մինչ օրս ազատ չեն արձակվե՝ չնայած Իրանի պահանջներին։ Այս ֆոնին մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին Իրանի կողմից Ադրբեջանի հետ սահմանին զորավարժությունների անցկացման մասին։