ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հուսով է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն երկխոսությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո: Այս մասին ասված է գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ հակամարտությունից մեկ տարի անց նախարարների մակարդակով ուղիղ երկխոսության վերսկսումը և հուսով է, որ այդ ջանքերը կշարունակվեն և կդառնան առավել լայն երկխոսության մի մասը», – նշվում է հայտարարության մեջ:
Գուտերեշը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կենտրոնանալ տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հաստատման վրա: «ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել նման ջանքերին՝ իր մշտական մարդասիրական գործունեության, վերականգնման, զարգացման և խաղաղաշինության միջոցներով», – ընդգծվում Է հայտարարության մեջ: