Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած հակամարտությունից հետո ԵԽԽՎ-ն երկու երկրների համար ձևակերպել է մի շարք հանձնարարականներ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում մարդասիրական հետևանքների վերացման և խաղաղության ու հաշտեցման գործընթացին առաջ մղելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ կայքից։
Հավանության արժանացնելով բանաձևն ու առաջարկությունը, որը ձևակերպվել է երկու երկրներ այցելած Փոլ Գավանայի զեկույցի հիման վրա, Վեհաժողովը հայտարարել է, որ «մտահոգված է վեցշաբաթյա պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների և այլ հակաիրավական գործողությունների բազմաթիվ մեղադրանքների հետ կապված»։
Կառույցը երկու երկրներին կոչ է արել «ամբողջովին հետաքննել մեղադրանքները և պատասխանատվության ենթարկել ցանկացած մարդու, այդ թվում՝ հրամանատարական մակարդակով, ով մեղավոր կճանաչվի», և ներկայացված բողոքների վերաբերյալ լիովին համագործակցել ՄԻԵԴ-ի հետ: «Եթե չլինեն ճշմարտության և հաշտեցման որևէ հաշվետու ձևեր, այդ մեղադրանքները երկու երկրների սերունդների հարաբերությունները թունավորելու են, և հակամարտության հետևանքները կպահպանվեն»,-նշել են խորհրդարանականները:
Ողջունելով Ադրբեջանի կողմից 2021 թվականի հունիսի 12-ին և հուլիսի 3-ին 30 մարդու ազատ արձակումը, որի արդյունքում հայրենադարձվածների ընդհանուր թիվը գերազանցել է 100-ը, Վեհաժողովը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և վերադարձնել նրանց Հայաստան առանց հետագա ձգձգումների:
ԵԽԽՎ-ում ափսոսանք են հայտնել, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո 159 ադրբեջանցի և 5 հայ սպանվել կամ վիրավորվել են ականներից, և կոչ է արել Հայաստանին «առանց հապաղելու հրապարակել իր տրամադրության տակ եղած բոլոր ականադաշտերի քարտեզները»: Տարբեր սահմանային միջադեպերի լույսի ներքո, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի մայիսից, խորհրդարանականները երկու կողմերին կոչ են արել ապաԷսկալացման և սահմանի սահմանազատման գործընթացի շուրջ բանակցությունների:
Ինչ վերաբերում է տեղահանված անձանց, Վեհաժողովը կոչ է արել միջազգային հանրությանը շարունակել աջակցել Հայաստանին և Ադրբեջանին և կոչ է արել երկու երկրներին արդյունավետ օգտագործել Եվրոպայի խորհրդի փորձը:
Վեհաժողովը նշել է, որ ձգձգված հակամարտությունը «աղետալի» ազդեցություն է ունեցել տարածաշրջանի մշակութային ժառանգության և սեփականության վրա: Կառույցը երկու երկրներին խորհուրդ է տվել քայլեր ձեռնարկել ատելության բորբոքման, ինչպես նաև ատելության հողի վրա հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ, այդ թվում ՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ համապատասխան օրենսդրության ընդունման ճանապարհով: