Հայաստան ուղևորվող իրանական բեռնատարների տարանցիկ երթուղին չի փոխվել և իրականացվում է սովորական ռեժիմով։ Այս մասին իրանական Mehr գործակալության հետ զրույցում հայտարարել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի ճանապարհատրանսպորտային ընկերության գլխավոր տնօրեն Օրուջալի Ալիզադեն:
Նրա խոսքով՝ իրանական բեռնատար մեքենաների վարորդները հին երթուղին օգտագործում են Նուրդուզի սահմանով։ Ալիզադեն ասել է, որ տարանցիկ երթուղով իրանական բեռնատարների համար ոչ մի խոչընդոտ չկա:
Պաշտոնյան նաև նշել է, որ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունն իրանական բեռնատարներից ուղեվարձ է ստանում երթուղով՝ հավելելով, որ Նախիջևանից դեպի Հայաստան երթուղին նախկինի պես փակ է, և այդ երթուղով Հայաստան տարանցում չի իրականացվում:
Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտան հատվածում ադրբեջանցիները ոստիկանական կետ են տեղադրել։ Իրանից եկող բեռնատարներից Ադրբեջանը մաքսատուրք է գանձում։ Ձերբակալվել է իրանցի երկու վարորդ, որոնք մինչ օրս ազատ չեն արձակվել։