Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում չէ, և նրա տեսաուղերձն անվանել է «ծաղրածուական խաղ» և «ֆեյք»:
Սաակաշվիլին ուրբաթ օրը տարածել է տեսաուղերձ, որում նա պնդում է, որ գտնվում է վրացական Բաթումում: Վրաստանի ՆԳՆ-ը հերքել է այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ Սաակաշվիլին չի հատել պետական սահմանը:
«Միխեիլ Սաակաշվիլին Բաթումում չէ, նրա տեսահոլովակը չի նկարահանվել Վրաստանում: Նա ծաղրածու է»,- Կոբախիձեի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:
Նա մատնանշել է Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հակասությունները` հավելելով, որ դրանով իսկ նախկին նախագահը ցանկանում է իրեն «վերագրել» այն ձայների տոկոսը, որը քաղաքական ուժի առաջնորդ Նիկա Մելիան կստանա հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում:
Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է Վրաստան վերադառնալ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար: Մի քանի քրեական գործերով նրա հանդեպ Վրաստանում ներքին հետախուզում է հայտարարվել: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սեպտեմբերի 29-ին հայտարարել է, որ եթե Սաակաշվիլին գա Վրաստան, ապա նրան կձերբակալեն: