Հարևան երկրների սահմանների ցանկացած փոփոխության կանխումը լուրջ ռազմավարություն է Իրանի Իսլամական Հանրապետության համար: Այս մասին, ինչպես հաղորդում է ParsToday-ը, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար), բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը:
Նա ընդգծել է, որ Իրանի կողմից տարբեր զորավարժությունների անցկացումն ամրապնդում և բարձրացնում է երկրի ազգային անվտանգությունը:
«Իսլամական Հանրապետության և հարևան բարեկամ երկրների սահմանների անվտանգությունը փոխկապակցված խնդիր է, որը մեծ նշանակություն ունի Իրանի համար: Մենք չենք կարող ընդունել այն փաստը, որ որոշ երկրներ, գտնվելով երրորդ պետությունների ազդեցության տակ, հանդես են գալիս Իսլամական Հանրապետության զորամասերի մարտունակության վերաբերյալ անիրատեսական և սադրիչ հայտարարություններով և խաթարում են Իրանի գործողությունները»,- ասել է գեներալը:
Նա նշել է. «Օտար տարրը, ինչպիսին է Սիոնիստական ռեժիմը, չպետք է օգտագործի իր հարևանների տարածքը իր կեղտոտ և հանցավոր նպատակներն իրագործելու համար»:
Մեկնաբանելով «Մահմեդական որոշ երկրներին մերձենալու սիոնիստական ռեժիմի» ցանկությունը՝ ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն ասել է. «Կասկած չկա, որ դա ուղղված է մահմեդական ժողովուրդների միջև տարաձայնություններ և պառակտում առաջացնելուն»:
Նշենք, որ Tasnim գործակալությունն այսօր հաղորդել է, որ ուրբաթ առավոտյան մեկնարկել են Իրանի հյուսիս-արևմուտքում Իրանի ցամաքային զորքերի «Հայբարի նվաճողներ» զորավարժությունները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 27-ին թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ ադրբեջանական սահմանի մոտ զորավարժություններ անցկացնելու Իրանի ղեկավարության որոշումը «անակնկալ էր Բաքվի համար»: