«Մենք կարևորում ենք Ռուսաստանի դերը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման տեսանկյունի», – հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային» հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Գրիգորյանը նշել է, որ սեպտեմբերի 17-ին Դուշանբեում նախատեսված էր ՀՀ վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահի հետ, սակայն Ռուսաստանի նախագահի այցը տեղի չունեցավ նրա ինքնամեկուսացման գնալու կապակցությամբ:
«Քննարկման հնարավորություն չի եղել, բայց մենք փոխանցել ենք մեր բոլոր մեսիջները և կարծում եմ, որ շուտով հնարավորություն կլինի բարձր մակարդակով քննարկել այն հարցերը, որոնք քննարկվել են այդ շրջանակներում», – ասել է նա:
Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնաբանել է տարածաշրջանում Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կազմում «Վեցի պլատֆորմ» ստեղծելու նախաձեռնությունը:
Նրա խոսքով՝ ուղիղ կապի բացակայության պայմաններում դժվար է հստակեցնել, թե ինչ է նշանակում այս նախաձեռնությունը, դրա ձևաչափը հստակ չէ։ «Հստակեցնելու համար ժամանակ է պետք բանակցություններ անցկացնելու համար», – նշել է նա:
«Մենք վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ և ամենակարևոր ձևաչափը Մինսկի խումբն է»,-նշել է ԱԽ քարտուղարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը պատրաստ է Հարավային Կովկասում «Վեցի պլատֆորմի» ստեղծմանը։