Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի մոտ հոկտեմբերի 5-8-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
«Հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում կանցկացվի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությունների հերթական փուլը։ Զորավարժությունների նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև համագործակցության և փոխգործակցության զարգացումն է»,- մեջբերում Է գործակալությունը:
Ադրբեջանի ՊՆ-ն զորավարժությունների անցկացման առումով դեռևս հանդես չի եկել պաշտոնական հաղորդագրությամբ:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն և Անկարան կանոնավոր կերպով համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Նշենք նաև, որ հոկտեմբերի 1-ին Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների սրման ֆոնին Իրանի զինված ուժերը խոշոր զորավարժություններ են սկսել երկրի հյուսիս-արևմուտքում: