Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության հարցերը և համատեղ նախագծերը: Այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն ՝ վկայակոչելով երկրի կառավարության մամուլի ծառայությանը։
Ըստ հաղորդագրության՝ Ղարիբաշվիլին և Հասանովը քննարկել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության հարցերը։
Նշվել է, որ եռակողմ ձևաչափը «եզակի տարածաշրջանային մեխանիզմ է», որը թույլ է տալիս քննարկել կարևոր հարցեր արտգործնախարարների, պաշտպանության և այլ գերատեսչությունների մակարդակով։
«Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել երկու երկրների ռազմավարական գործընկերությանը, տարածաշրջանի անվտանգությանը, համատեղ նախագծերի հաջող իրականացման նշանակությանը, ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը», — ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը նշվել է նաև, թե որքան կարևոր դեր են խաղում Վրաստանի տարածքում ընթացող էներգետիկ և տրանսպորտային մայրուղիները Եվրոպայի էներգաանվտանգության տեսանկյունից:
Նշվում է, որ Ղարիբաշվիլին ողջունել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2021 թվականի պլանի ստորագրումը: Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել են «Eternity — 2021» հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ: