Իրանի կառավարությունը ռազմական պաշտոնական խողովակներով ծանուցում է ուղարկել Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը դեպի Նախիջևան ռազմական մատակարարումներ իրականացնող Ադրբեջանի ռազմաօդային ավիացիայի համար իր օդային տարածքը փակելու մասին: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Աղբյուրը հայտնում է, որ Բաքուն Թեհրանի այդ որոշումը գնահատել է որպես «Ադրբեջանի հանդեպ ևս մեկ դավաճանություն, որն ընդունվել է Հայաստանի կառավարության դրդմամբ»:
Բաքվից նշել են, որ «Իրանի դավաճանությունն Ադրբեջանին զգալի վնաս չի հասցնի», քանի որ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված զորամասերի մատակարարման հարցում այլ երթուղիների հնարավորություն ունի։
«Սակայն Թեհրանի այս քաղաքական որոշումը Բաքվին դրդում է ոչ երկիմաստ եզրակացություններ անել Իրանի կառավարության արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին»,- ասված է աղբյուրի հաղորդագրության մեջ։