Մաքսակետը բաց է, ուղղակի թողունակության խնդիր կա, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավոր Արուսյակ Մանավազյանի՝ Լարսի անցակետում կուտակումների մասին հարցին, ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Առաջին օրերին ավելի ծանր էր, հիմա որոշակի կարգավորումների արդյունքում կուտակումները պակասել են, բայց ամսի 18-ից խնդիրը կկարգավորվի»,-նշեց Սանոսյանը։
Ի պատասխան պատգամավորի դիտարկմանը, թե «հարյուրավոր բեռնատարներ, այդ թվում նաև՝ գյուղմթերքով, չեն կարողանում հատել սահմանը» Գնել Սանոսյանը նշեց. «Իսկապես նման խնդիր կա. խնդիրը կապված է ռուսական կողմի գործընկերների հետ. Լարսի անցակետի իրենց հատվածում շինարարարական աշխատանքներ են սկսել, ինչը նախնական տեղեկատվության համաձայն՝ կշարունակվի մինչև 2022 թվականի դեկտեմբերը, բայց որպեսզի խնդիրը կարգավորվի և նման խցանումներ չառաջանան, դեռևս սեպտեմբերի 18-ին ՌԴ կառավարությունն ընդունել է որոշում, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 18-ին»,-նշեց նախարարը։
Նա նաև տեղեկացրեց, որ երկու առանձին կետեր են հատկացվելու մոտակայքում՝ որպեսզի փոխարինող հատվածներ լինեն և այդ հատվածներում ևս կարողանան մաքասային որոշակի ծառայություններ մատուցել։ «Այսինքն մոտ օրերս կկարգավորվի այդ խնդիրը։ Ուզում եմ նաև նշել, որ այն լայնածավալ շինարարական աշխատանքները, որ սկսվել են, դրանց արդյունքում այժմ օրական 300 բեռնատար թողունակությամբ մաքսային կետը մինչև 3000 բեռնատար թողունակություն կունենա, ինչը կարծում եմ՝ շատ լավ է։ Այս օերրեին մենք նաև աշխատել ենք Վրաստանում Հայաստանի դեսպանատան հետ, ՌԴ մեր գործընկերների հետ տրանսպորտի ոլորտում, և այն մտահոգությունը, որը երբեմն մեր քաղաքացիներն արտահայտում են որոշակի «առանձնացումների» մասին, որ ոմանց թողնում են, ոմանց՝ ոչ, կարծես այդպիսի բան չկա. դեսպանատունը բավականին լավ աշխատաում է և մոտ օրերս հարցը կկարգավորվի»,-եզրափակեց Սանոսյանը։