Իրանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ երրորդ երկրներն ազդեն իրենց հարաբերությունների վրա: Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ խոսելով մյուս երկրների հետ Իրանի հարաբերությունների մասին և ընդգծելով Ադրբեջանի հետ առաջացած խնդիրները: Այս մասին հաղորդում է Mehr-ը:
ԱԳ նախարարի խոսնակը խոսել է նաև Իրանի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունների մասին՝ ասելով, որ երկու երկրները միշտ իրենց հարաբերություններում տրամաբանական ընթացակարգ են վարել:
«Նորմալ չէ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները խզել երրորդ երկրի պատճառով: Իրանը հայտնել է Իսրայելի ներկայության մասին իր մտահոգությունը ադրբեջանական կողմին, նրանք ասել են, որ կքննարկեն այդ մտահոգությունը»,- ասել է Խաթիբզադեն՝ հավելելով, որ հարևան երկրներում Իսրայելի ներկայությունն անթույլատրելի է իրանական կողմի համար:
«Մենք երբեք չենք փակել մեր օդային տարածքն Ադրբեջանի համար: Ցամաքային ճանապարհը ևս բաց է երկու երկրների միջև, և երկու կողմերը չպետք է թույլ տան, որ երրորդ կողմերն ազդեն հարաբերությունների վրա»,- ընդգծել է Խաթիբզադեն: