Վրաստանում ձերբակալված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխումը Ուկրաինա բացառվում է: Այս մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 11-ին, ասել է Վրաստանի նախարարների կաբինետի ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին։
«Բացառված է: Ես 100%-ով հաստատում եմ, որ ոչ ոք նրան [Սաակաշվիլիին-խմբ․] ոչ մի տեղ չի տեղափոխի: Նախ, ոչ ոք դա չի պահանջում: Առնվազն վեց տարի հետո նա կկարողանա ճանապարհորդել ցանկացած երկիր»,- մեջբերում է նրան վրացական 1tv.ge հեռուստաալիքը:
Վրաստանի նախկին առաջնորդը ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում, Ղուրամիշվիլի պողոտայի բնակարանում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին երկիր վերադառնալուց հետո: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել երկրի սահմանն ապօրինի հատելու համար։
Նշվել է, որ Սաակաշվիլին երկիր է մուտք գործել «Վիլնյուս» նավով ժամանելով Փոթի նավահանգիստ, որից հետո եղել է Աբաշում, Բաթումում, Քութայիսում և Թբիլիսիում: Ինքը՝ քաղաքական գործիչը, նշել է, որ Վրաստան է եկել երրորդ երկրի միջոցով՝ արտասահմանցի ընկերների օգնությամբ:
Հոկտեմբերի 3 -ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիշեցրել է, որ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, ուստի անձամբ կզբաղվի նրա վերադարձի հարցով: Այնուամենայնիվ, Ղարիբաշվիլին ընդգծել է, որ քաղաքական գործիչը կկարողանա վերադառնալ Ուկրաինա միայն այն բանից հետո, երբ նա իր ամբողջ ազատազրկման ժամկետը կրի հայրենիքում:
Հոկտեմբերի 4-ին Վրաստանի նախկին նախագահը հացադուլ է սկսել՝ ի նշան բողոքի, մինչև որ նա և իր համախոհները ազատ արձակվեն: Նա հայտարարել է, որ պատրաստ է զոհաբերել իրեն հանուն ժողովրդի:
Ինչպես ասել է Սաակաշվիլիի փաստաբաններից մեկը, նախկին նախագահին հայրենիքում սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում: Միևնույն ժամանակ, նա ավելացրել է, որ պետության նախկին ղեկավարի թիմը մտադիր է նրան բանտից ազատ արձակել իշխանությունների վրա հանրային ճնշման միջոցով նրան ներել պահանջելով: