Իրանը պնդում է, որ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ ահաբեկչական խմբավորումները փոխանցվել են Ադրբեջանի Հանրապետությանը: Այս մասին երեքշաբթի ազգային ռադիոյին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:
«Իրանը նույնիսկ ստացել է նրանց խոսակցությունների աուդիո ֆայլերը, որոնք իրանական հետախուզությունը աչքի առաջ է պահում: Մենք ադրբեջանական կողմին ասացինք, որ դա անընդունելի է, և նրանց բարձրաստիճան պաշտոնյաները խոստացան հաշվի առնել մեր մտահոգությունները»,- ասել է նա:
«Ադրբեջանի Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ լավ են և բազմակողմ, և պաշտոնյաների փոխայցերը շարունակվում են, բայց տարածաշրջանում կան երրորդ ուժեր, որոնք չեն ցանկանում, որ Իրանն ու Ադրբեջանը ունենան բարեկամական հարաբերություններ: Ըստ այդմ, նրանք հրապարակում են կեղծ և սուտ լուրեր և փորձում են երկու երկրների մարդկանց տրամադրություններն իրենց նպատակների համար օգտագործել»,- պարզաբանել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Թեհրանն ընդգծում է, որ հարևան երկրների իրավունքները պետք է վերականգնվեն, ասել է Խաթիբզադեն: «Ըստ այդմ, մենք ողջունեցինք Ադրբեջանի Հանրապետության իրավունքների վերականգնումը՝ միևնույն ժամանակ համարելով, որ պատերազմը նպատակներին հասնելու լավագույն միջոցը չէ: Մենք ընդգծեցինք բոլոր խնդիրները դիվանագիտական մեթոդներով լուծելու անհրաժեշտությունը»,- ավելացրել է նա:
«Իրանը և Ռուսաստանը օգնեցին առաջ մղել դիվանագիտական բանակցությունները պատերազմող կողմերի միջև»,- ասել է խոսնակը՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղում երկարատև պատերազմը:
Նա ավելացրել է, որ նախագահ Ռայիսիի վարչակազմի առաջնահերթություններից է հարևան երկրների հետ փոխգործակցությունը: «Մեր առևտրի 70-80 տոկոսը կատարվում է հարևան պետությունների և տարածաշրջանի երկրների, ինչպես նաև Չինաստանի հետ»,- ասել է նա: