Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին կայցելի Ադրբեջան:
«Ծրագրում Բաքու այց չկա, բայց մենք կբացենք օդանավակայան Ֆիզուլիում (օկուպացված հայկական Վարանդա քաղաքը- խմբ․): Այս հարցը մենք քննարկել ենք եղբորս՝ Իլհամ Ալիևի հետ: Այդ օրը օդանավակայանի բացմանը զուգահեռ նաև մի քանի մայրուղիներ և մի շարք գյուղատնտեսական օբյեկտներ կբացենք»,- ասել է Էրդողանը հինգշաբթի լրագրողներին իր աֆրիկյան շրջագայությունից հետո:
Նա նաև նշել է, որ Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը չի փոխվել:
«Մենք հաստատակամ ենք նաև Զանգեզուրի միջանցքը բացելու հարցում, ինչպես նախկինում»,- ասել է Էրդողանը:
Թուրք առաջնորդը նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին «հայկական օկուպացիայից ազատագրված» տարածքների ականազերծման հարցում` այդ նպատակով հատուկ մեքենաների մատակարարմամբ: