Ռուսական ընկերությունները պատրաստ են մասնակցել 2020թ.նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Որքան ես հասկանում եմ, խոսքը գնում է այն շրջանների մասին, որոնք Ադրբեջանին են վերադարձվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ.նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Ռուսական օպերատորները պատրաստ են մասնակցել այդ տարածքների հետկոնֆլիկտային վերականգնմանը», – ասել է նա։
Զախարովան հայտնել է, որ հուլիսի 23-ին համագործակցության հեռանկարային ոլորտները որոշելու համար Բաքվում գտնվել է բիզնես-առաքելություն՝ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի գլխավորությամբ, իսկ նոյեմբերի 17-18-ը ռուսական ընկերությունների խումբը ծրագրում է կրկին այցելել Ադրբեջան:
Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ ռուս-ադրբեջանական փոխգործակցության և կոոպերացիայի գործնական իրականացման օրինակներից մեկը հոկտեմբերի 4-ին Ջաբրայիլի շրջանում տեղի ունեցած «ԿԱՄԱԶ» համատեղ սպասարկման կենտրոնի և «Գյանջայի ավտոմոբիլային գործարան» արտադրական միավորման հիմքի հիմնարկեքի արարողությունն է:
«Մենք, իհարկե, շահագրգռված ենք Ադրբեջանում ռուսական գործարար ներկայության ընդլայնման մեջ և նման համատեղ աշխատանքը դիտարկում ենք որպես Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ։ Դրան ամեն կերպ կաջակցենք», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։