Ուկրաինան պատրաստ է ուսումնասիրել Թուրքիայի հետ «Антонов» ինքնաթիռների համատեղ արտադրության հնարավորությունը։ Թուրքական կողմը վերջերս հետաքրքրություն էր հայտնել ուկրաինական ավիացիայի նկատմամբ։
Այս մասին փոխանցում է «Anadolu»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի Atlantic Council-ի հոդվածը։
Նրա խոսքով՝ երբ այս ամռանը Թուրքիան պայքարում էր անտառային հրդեհների դեմ, Ուկրաինան օգնություն է առաջարկել և ուղարկել «Антонов» երկու մեծ հակահրդեհային ինքնաթիռ և մի շարք մասնագիտացված ուղղաթիռներ:
«Մեր թուրք ընկերները շատ տպավորված էին ուկրաինական «Антонов» ինքնաթիռների՝ հրդեհները մարելու հնարավորություններով։ 2021 թվականի հոկտեմբերին Լվովում իմ թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ վերջին հանդիպման ժամանակ նա հետաքրքրություն է հայտնել «Антонов» ինքնաթիռի հանդեպ։ Ուկրաինան ողջունում է այդ հետաքրքրությունը և պատրաստ է ուսումնասիրել «Антонов» ինքնաթիռների համատեղ արտադրության և միջազգային արտահանման հնարավորությունները»,- նշել է Կուլեբան։
ԱԳ նախարարը հավելել է, որ մտադիր է այդ թեման ավելի մանրամասն քննարկել 2021 թվականի դեկտեմբերին Չավուշօղլուի հետ հաջորդ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Անկարայում: